Օրհնության կարգ` հին Վեհարանի նորոգության եւ վերակառուցման առիթով
Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության եւ վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում` 1958 թվականին:
Հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարերարությամբ Մայր Աթոռի արժանավոր զավակների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի եւ նրա տիկնոջ` Վերա Սեդրակյանի: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» ՍՊԸ` գլխավորությամբ Գագիկ Գալստյանի:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Վեհարանի նորոգության եւ վերակառուցման աշխատանքներին: Նորոգության ընթացքում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջաններում իրականացված շինությունների շերտեր, վաղ շրջանի կառույցներ, որոնք պեղումների արդյունքում գիտնականների կողմից թվագրվել են 7-9-րդ, 12-13-րդ դարերով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հայտնեց, որ դրանք անխաթար կպահպանվեն, իսկ հին Վեհարանի շենքը կպահպանի իր պատմա-ճարտարապետական հորինվածքը: Նորոգությունից հետո հին Վեհարանը կշարունակի գործել իբրեւ թանգարան: Ծանուցվեց նաեւ, որ Վեհարանի պատմական կառույցի հարավ-արեւմտյան մասում կառուցվում է կացարանային մասնաբաժին:
Միասնական Տերունական աղոթքից հետո Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընթերցեց այս առիթով կազմված հիշատակարանը, որում մասնավորաբար ասվում է. «...Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում եկեղեցանվեր ու ազգասեր հայորդյաց, որ սատար են լինում վերաշինությանը եւ բարեկարգմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայոց Սրբազան հոգեւոր կենտրոնի: Թող Ամենակալ Տերն օրհնի բարերարներին եւ երկնաշնորհ հաջողություններ պարգեւի նրանց բոլոր եկեղեցաշեն ու ազգանվեր բարի գործերին. ամեն»: Ապա Նորին Սրբությունն արձանագրությունը զետեղեց շենքի հիմքերում` մաղթելով, որ Աստված շեն ու պայծառ պահի Սուրբ Էջմիածինը եւ եռանդաշատ` Մայր Աթոռի միաբանությունը, որպեսզի այն պատվով եւ արդյունավորությամբ շարունակի իր սրբազան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
Արարողությանը մասնակցում էին Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի միաբաններ եւ պաշտոնյաներ: